APAGA DAILY #6

27 սեպտեմբերի, երեքշաբթի

Advertisements

Կայքից նյութեր արտատպելուց առաջ հղումը կայքի ադմինիստրացիային ՊԱՐՏԱԴԻՐ է:

© <<Ապագա>> ինտերնետային պարբերական-2011

e-mail: theapaga@yahoo.com

Կարդալ ամբողջությամբ

Պուտինը` նախագահի թեկնածու

Ռուսաստանի դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է մասնակցել 2012թ կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Լենտա.ռու» լրատվական գործակալությունը, ՌԴ կառավարության և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարը հայտարարել է սեպտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած կուսակցության նիստում:

«Ցանկանում եմ երախտագիտությունը հայտնել իմ՝ նախագահի թեկածու առաջադրվելու առաջարկությանը դրական գնահատական տալու կապակցությամբ, դա ինձ համար մեծ պատիվ է»,- նշել է Վլադիմիր Պուտինը: Ներկաները այս խոսքերին արձագանքել են hոտնկայս ծափողջյուններով:

Պուտինը հույս է հայտնել, որ իր՝ 2012 թ ընտրություններում հաղթելուց հետո, ՌԴ կառավարությունը կգլխավորի Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Ավելի վաղ իր գխավորած կուսակցության համաժողովում Վլադիմիր Պուտինը առաջարկել էր Դմիտրի Մեդվեդևին գլխավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը՝ դեկտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններում: Մեդվեդևն ընդունել էր սույն առաջարկը և իր հերթին առաջակել Պուտինին առաջադրվել 2012 թ. նախագահական ընտրություններում:


Սեզարիա Էվորան չի գա Հայաստան

Բոկոտն թագուհի» մականունով հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի` Երեւանում սեպտեմբերի 29-ին նախանշված համերգը  չի կայանալու: Այս մասինասաց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` հավելելով, որ երեկ ուշ երեկոյան երգչուհու մենեջմենթից հաղորդագրություն են ստացել, որտեղ նշվում է, որ Սեզարիա Էվորայի կարիերան վերջացել է, նա այլեւս չի կարողանա երգել,  որովհետեւ ծանր առողջական վիճակում է:

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ հաղոդագրության մեջ նշված էր այն երկրները, որտեղ նա պետք է հանդես գար համերգներով եւ այդ ցանկում առաջինը Հայաստանն էր, իսկ համերգները վերջանում էին Անգլիայում. «Որպես երգիչ նա այլեւս չի երգի, նա ուղեղի կաթված է ստացել եւ բավականին  վատ վիճակում հիվանդանոցում պառկած է, պաշտոնապես հայտարարել են  նրա` կարիերան ավարտելու մասին»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երգչուհին մտադիր էր սեպտեմբերի 29-ին համերգով հանդես գալ Հայաստանում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելո բնակավայրում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար:


Ադրբեջանի գնած մեդալները

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի` ԱԻԲԱ-ի վերջերս ստեղծած World Series Boxing լիգայի բյուջեում 9 միլիոն դոլարի ներդրում է կատարել Ադրբեջանը: BBC-ն պնդում է, որ գումարը վճարվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի երկու ոսկե մեդալներ ստանալու դիմաց: ԱԻԲԱ-ն հաստատել է 9 միլիոն դոլար ստանալու փաստը, սակայն ոսկե մեդալների գնման մեղադրանքն անվանել է աբսուրդային եւ բացարձակ սուտ: Միջազգային ֆեդերացիան խոստացել է հետաքննություն անցկացնել:

Արտահոսքի աղբյուրը եղել է WSB-ի ղեկավարներից Իվան Խոդոբախշը: Նա մասնավոր զրույցում պատմել է Ադրբեջանի հետ գաղտնի գործարք ունենալու մասին: Խոդոբախշը նշել է, որ WSB-ի ամերիկյան ստորաբաժանման ֆինանսական խնդիրները կլուծվեն հենց Ադրբեջանը ստանա իր մեդալը: BBC-ի հետ հարցազրույցում Խոդոբախշը հերքել է այդ ամենը:

BBC-ն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ Խոդոբախշը, ԱԻԲԱ-ի գործադիր տնօրեն Հո Կիմը եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալեդին Հեյդարովը բանակցել են 10 միլիոն դոլար ներդրումային ծրագրի մասին: ԱԻԲԱ-ի իրավաբանները հաստատել են, որ թեեւ գումարը ստացվել է շվեյցարական ընկերությունից, սակայն դրանց ծագումն ադրբեջանական է: Սակայն նրանք հերքում են Ադրբեջանի իշխանությունների հետ կապը, իսկ նախարարը եղել է անգլերեն չիմացող մասնավոր ներդրողի եւ միջազգային ֆեդերացիայի միջնորդը:

ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կուո Վուն հայտարարել է, որ չի հավատում այդ լուրերին, սակայն անմիջապես կնշանակվի հետաքննություն: ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն ողջունել է հետաքննության նշանակումը, իսկ BBC-ին կոչ է արել ՄՕԿ-ին եւ ԱԻԲԱ-ին տրամադրել բոլոր ապացույցները, հաղորդում է allboxing.ru-ն:


Հ1-ը եւ Եհովայի վկաները

Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ «Եհովայի վկաներ» կազմակերպության միջեւ ընթանում են հաշտության համաձայնություն կնքելու բանակցություններ, սակայն իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Հանրայինը պատրաստ է հերքման տեքստ հրապարակել եւ կրոնական կազմակերպությունից ներողություն խնդրել:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանել է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության եւ մյուսների ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, կողմերի միջեւ ընթանում են հաշտության համաձայնություն կնքելու բանակցություններ:

Հաշտության բանակցությունները սկսվել են «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցչի նախաձեռնությամբ: Այս պահի դրությամբ քննարկումներն իրականացվում են երկու կողմերի ներկայացուցիչների միջեւ եւ հաշտության համաձայնության մոտավոր եզրեր գտնելու դեպքում, այդ հարցը ներկայացվելու է կողմերի համաձայնեցմանը:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դրական է դիտում ցանկացած տեսակի վեճ հաշտությամբ լուծելու հնարավորությունը: Եվ, եթե Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հետ բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն իր համար ընդունելի համաձայնություններ, ապա այդ վեճը կարող է ավարտվել նաեւ հաշտությամբ:

Այն տեղեկատվությունը, որ Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է հերքման տեքստը հրապարակելու եւ կրոնական կազմակերպությունից ներողություն խնդրելու, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կրոնական կազմակերպությունը վիճարկում է 2010թ. նոյեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին «Հայլուր» եւ «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունն այն մասին, որ Սեւանում տեղի ունեցած` իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է:


Նոր ձերբակալություններ

Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից  բերման ենթարկված 13 անձանցից  մի մասը ձերբակալվել են: Այս մասինասել է Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ, ամեն րոպե սպասվում են նոր ձերբակալություններ:

Ինչ վերաբերում է Հատուկ քննչական պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդուն, վերջինս, ըստ Ահարոնյանի, որոշ պարզաբանումներ տալուց հետո ազատ է արձակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է սեպտեմբերի 23-ի առավոտյան, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը, նա 49-ամյա Գուրգեն Հայրապետյանն է: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում էր նաեւ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը:

Ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով: